Մենք փորձում ենք տարբեր միջոցներով հնարավորինս աջակցել Հայաստանում ՏԻՄ հզորացմանը. Պյոտր Սվիտալսկի

Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, համաժողովում բացման խոսքով հանդես են եկել  ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Գդանսկի քաղաքապետ, Ռեգիոնների եվրոպական կոմիտեի և CORLEAP-ի անդամ Պավել Ադամովիչը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենդելբերգերը: Նախարար Դավիթ Լոքյանը նախ  շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ արդեն երկրորդ անգամ CORLEAP-ի  կոնֆերանսը  Հայաստանում կազմակերպելու համար, ինչը նախարարի խոսքով,  լուրջ ոգևորություն է առաջ բերում ՀՀ համայնքներում: «Սա  Արևելյան գործընկերության լավագույն ձևաչափերից մեկն է, որը շատ ինտենսիվ նպաստում է մեր երկրում տարածքային և համայնքային զարգազման գործընթացին: ՀՀ-ում սկսված տեղական և տարածքային մարմիններում իրականացվող  խոշորածավալ  բարեփոխումների կողքին կանգնած են Եվրամիության մեր գործընկերները»,- ասել է Դ. Լոքյանը: Հիշեցնելով, որ նոյեմբերի 5-ին ՀՀ 350  համայնքում ընթանալու են ընտրություններ, նախարարն ընդգծել է, որ դրանց արդյունքում կառավարման օպտիմալացման փոփոխություն է իրականացվելու. «Այդ համայնքներն իրենց գործառույթները կանոնակարգելու են, իրենց եկամուտներն ու ծախսերը խիստ օպտիմալացնելու են, բերելու են այնպիսի վիճակի, որը ծառայությունների մատուցման նոր հնարավորություն է  ապահովելու բնակիչների համար: Այս լայնածավալ գործընթացում,  բացի Եվրամիությունից, մեր կողքին է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը կարծում եմ, որ ամենակարևոր, ամենալուրջ դերակատարումն ունի այս բարեփոխումների ողջ ընթացքում: ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում մենք այսօր, այս համաժողովով սկիզբ ենք դնում մի շատ կարևոր պրոցեսի, որը Եվրամիության շատ երկրներ անցել են, և ժամանակն է, որ մենք մեր տեղական իշխանություններում և ռեգիոնալ իշխանություններում նույնպես ունենանք էլեկտրոնային կառավարում»: Նախարարը նաև  տեղեկացրել է,  որ արդեն  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ սկսված է մի գործընթաց, որով համայնքներում ստեղծվելու են սոցիալական ծառայությունների օղակներ, բացի դրանից, արդեն ՀՀ համայնքներից ավելի քան 200-ում՝ այդ թվում գործող 18 խոշորացվածներում, կան համացանցային կայքեր, քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում 24 համայնքում և մինչև տարեվերջ գրասենյակներ կբացվեն ևս 5-ում: Նա արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին, ընդգծել, որ հնչած կարծիքները և առաջարկները  թույլ կտան առաջընթաց ապահովել տեղական ինքնակառավարման ոլորտում: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել է, որ երևանյան համաժողովը ևս մեկ անգամ վկայում է այն մասին,  որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ մասնակցություն ունի.  «Հայաստանում նման համաժողովների անցկացումը շատ կարևոր է և մենք հավատում ենք, որ Արևելյան գործընկերությունը Բրյուսելում կայանալիք հաջորդ գագաթնաժողովի ժամանակ նոր որակների կարող է հասնել: Դրանք ներառում են գործողությունների լայն շրջանակ` արևելյան գործընկերության 4 հիմնական հենասյուները և բոլոր այս նպատակները ենթադրում են բոլոր շահառուների ակտիվ մասնակցություն` ներառյալ տեղական մակարդակում, ներառյալ տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, քանի որ ռեգիոնալ և տեղական իշխանությունները ամենամոտն են կանգնած մարդկանց առօրյա խնդիրներին, և նրանք այստեղ են այս խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար: Հետևաբար մենք հավատում ենք, որ Բրյուսելում կայանայիք հաջորդ գագաթնաժողովին CORLEAP-ի դերն անչափ կարևոր կլինի»: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով` տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների առումով  Հայաստանը այսօր շատ կարևոր փուլում է գտնվում և դրանք  իրականացվում են ԵՄ-ն աջակցությամբ.  «Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել ՏԻՄ  հզորացմանը տարբեր միջոցներով, դրանցից մեկը իհարկե փորձի փոխանակումն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որը ներառում է մի քանի տեղական համայնքներ, կոնկրետ գաղափարներ և ծրագրեր  է ներառում:  Տնտեսական կայունությունն ու կայունացումն ամենուրեք թերևս մեր առաջնային մարտահրավերն է»: Ռեգիոնների եվրոպական կոմիտեի և CORLEAP-ի անդամ Պավել Ադամովիչն էլ իր հերթին նշել է, CORLEAP-ի հիմանական ուղերձը. դա տեղական ժողովրդավարությունն է, տեղական իշխանությունների համագործակցության մակարդակի բարձրացումը և ապակենտրոնացումը: Պ. Ադամովիչը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվ և արդյունավետ աշխատում են տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանի հետ: Համաժողովի բացումից հետո Դավիթ Լոքյանն ու Պյոտր Սվիտալսկին պատասխանել են լրագրողների հարցերին: Ասուլիսից հետո համաժողովը շարունակել է աշխատանքները և  քննարկվել են  մի շարք թեմաներ՝ էլեկտրոնային կառավարման նպաստը Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների իրականացման համատեքստում, տարածաշրջանային համագործակցության կարևորությունը ռեգիոնալ և տեղական զարգացման խթանման գործում, ռեգիոնալ և տեղական զարգացման տնտեսական օգուտները և այլն: «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովի կայացմանը աջակցել է   «Լավ Տեղական Ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը՝ ի դեմս Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության:
Մեկնաբանություններ