ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ «Հաշիշի յուղ» և 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ: Նախաքննության ընթացքում փաստական որոշ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի կողմից: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև ելնելով քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝  ՀՀ գլխավոր դատախազի կողմից  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցվել է վերոնշյալ քրեական գործը և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Նախաքննությունը շարունակվում է:  
Մեկնաբանություններ