ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև կապերի խորացման հարցեր

  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով խորհրդարան էր այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքը, վերջին տարիներին Բրազիլիայի և Հայաստանի միջև կապերի խորացմանն ուղղված քայլերը: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ընդգծել է օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը, հատկապես բարեկամական խմբերի գործունեության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում: Պարոն Մոնտեյրոն, հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն, նշել է, որ ԼՂ հակամարտության հարցում Բրազիլիան իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին՝ վերահաստատելով խաղաղ լուծման կողմնակից լինելը: Դեսպանի խոսքով՝ հարևանների միջև վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում: Արա Բաբլոյանը, նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, արձանագրել է՝ հարաբերություններն աշխուժացել են հատկապես վերջին տարիներին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ նշելով, որ բրազիլացի գործընկերները միջազգային տարբեր կառույցներում մշտապես միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նախաձեռնություններին: Արա Բաբլոյանն իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին՝ այդ համատեքստում կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդի բարեկեցության ապահովմանն առնչվող հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ մեկնելով Հայաստանից՝ նա կշարունակի մնալ մեր երկրի հավատարիմ բարեկամը:
Մեկնաբանություններ