
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է մի շարք ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումը մարտավարական զորավարժությունների ընթացքում:
Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային, հետախուզական, ինժեներային, կապի ստորաբաժանումների վարժանքները, անօդաչու և բանակային օդուժի աջակցությամբ, անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:
Մարտավարական վարժանքները տեղի են ունենալու ցերեկային ու գիշերային ժամերին՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ: Ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա փորձարկվելու Է հետախուզական-կրակային և հետախուզական-հարվածային կոնտուրների կիրառման նոր մեթոդիկան: Զինծառայողները զորավարժությունների ընթացքում նորմատիվներ կհանձնեն մարտավարական պատրաստությունից, մարտական մեքենաների վարումից, հրաձգությունից:
Զորամիավորման վաշտային մարտավարական խումբը նաև համալիր փորձարկում կանցնի մարտական պատրաստության հիմնական առարկաների գծով, այդ թվում՝ կիրականացնի պայմանական հակառակորդի օբյեկտների հետախուզում և հրետանու ու օդուժի կրակի շտկում: Ընդամենը ստուգմանը ներգրավված են 500-ից ավելի զինծառայողներ և շուրջ 100 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա, այդ թվում՝ Մի-24Պ, Մի-8Մտ ուղղաթիռներ և ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ: