Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի չի փոխվի. Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ամեն ինչ շատ լավ էր, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով հարաբերությունները աճ են ապրում: Մենք ուրվագծեցինք ապագայի անելիքները: Անկեղծ շնորհակալություն Կարեն Վիլհելմովիչ հրավերի համար»,- հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարը: Դմիտրի Մեդվեդևը նաև տեղեկացրեց, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նոյեմբերին ՌԴ-ում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու համար: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր են կատարվում գյուղատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, Ռուսաստանի վարչապետը պատասխանեց, որ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումների և գյուղտեխնիկայի մատակարարման հարցերը: Նա ընդգծեց, որ այս ոլորտում կարիք կա ջերմոցային տնտեսության և վերամշակման ուղղությամբ ավելի ինտենսիվ աշխատելու: «Իրոք որ լավ զարգանում է այս ոլորտը, համագործակցության հզոր հենքեր ունենք, ներուժը շատ լավն է: Նշեմ նաև, որ մեզ մոտ հարգի են հայկական մրգերը: Մենք դեռ պահպանում ենք սահմանափակումներ երրորդ երկրներից գյուղմթերքի ներմուծումների նկատմամբ, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ մեր գործընկերների՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերություններ զարգացնել»,- ասաց նա: Դմիտրի Մեդվեդևը հայտնեց, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի համար առանցքային համարվող էներգետիկային ոլորտին: Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի կմնա նույնը:
Մեկնաբանություններ