
Իրաքի զինված ուժերը շարունակում են մեծացնել զորքերի կուտակումն Իրաքյան Քրդստանի հետ սահմանին: Ինքնավար շրջանը կպաշտպանվի հնարավոր բոլոր միջոցներով: Այդ մասին, վկայակոչելով «փեշմերգայի» հայտարարությունը, հայտնել է Քրդստանի նախագահի ավագ խորհրդական Հեմին Հավրամին, հայտնում է
«ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ
հաղորդվել է, որ երեքշաբթի առավոտյան մարտեր են բռնկվել քրդական զինված խմբավորումների և իրաքյան աշխարհազորայինների ստորաբաժանումների միջև Իրաք-Սիրիա սահմանին: Ավելի ուշ ալ-Հաշդ աշ-Շաաբին (շիա աշխարհազորայինները) գրոհ է ձեռնարկել Մախմուր քաղաքի շրջակայքում: Քրդական Rudaw հեռուստաալիքի տեղեկություններով՝ «փեշմերգան» հետ է շպրտել երկու գրոհն էլ:
Իրաքի բանակն, իր հերթին, հայտարարել է, որ չի մասնակցել քրդական զինված խմբավորումների հետ բախումների:
«Ալ-Հաշդ աշ-Շաաբին և այլ իրաքյան ուժեր չեն պահպանում Իրաքյան Քրդստանի և Իրաքի միջև «փեշմերգայի» վերատեղակայման հետ («փեշմերգայի» հետ քաշվելը շփման գիծ) կապված պայմանավորվածությունները: Նրանք է՛լ ավելի շատ ուժեր են կուտակում՝ ցանկանալով ոտնահարել Քրդստանի ժողովրդի արժանապատվությունը: Դա անընդունելի է: Մենք կպաշտպանվենք հնարավոր բոլոր միջոցներով»,- ասված է «փեշմերգայի» հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժայինները քրդական «փեշմերգայի» զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներում իշխանությունը վերականգնելու գործողություն են սկսել: Չհանդիպելով քրդական խմբավորումների դիմադրությանը՝ իրաքցի զինվորականները վերականգնել են Քիրքուք քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, որը վերջին երեք տարիներին քրդական ինքնավարության անմիջական ղեկավարության տակ էր գտնվում: