Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է. Նախագահն ընդունել է Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել: «Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և հատկապես փոխադարձ առևտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է: Դա շատ լավ է: Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները: Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց Նախագահը՝ գրեթե 30 տոկոս: «Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել: Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում: Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարևոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են: Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.