Երբ 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որ սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ. ՀՀ Նախագահ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հանդես է եկել դասախոսությամբ, որում ասել է, որ բանակն այն տեղն է, որտեղ պետք է լրացուցիչ կրթություն ստանան թե՛ շարքայինը, թե՛ սպան: Նախագահը, մասնավորապես, ասել է. «Բանակը պետք է լինի մարդու շարունակական աճի կարևոր հանգրվան և ոչ սոսկ ընդգրկի հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի առջև պարտքը կատարելու ժամանակահատվածը: Զորամասերում պետք է պայմաններ ստեղծվեն զինծառայողների գիտելիքները հարստացնելու համար: Ես ուզում եմ այստեղ մի փոքրիկ շեղում կատարել և ասել՝ բոլոր այն շահարկումները, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հետ կապված նոր համակարգի անցնելու և տարկետման իրավունքը վերացնելու, ուղղակի անհեթեթություն է: Ժամանակին, երբ մենք փորձում էինք անցնել այս համակարգին՝ ես նկատի ունեմ 15-16 տարի առաջ, էլի նույն շահարկումներն էին, բայց այն ժամանակ մեր խնդիրները մի փոքր այլ էին, և մենք չգնացինք մինչև վերջ: Սակայն այն ժամանակ այս հարցը ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ երբեք որևէ մեկին երկու տարի բանակում ծառայելը կամ երկու տարի, երեք տարի, չորս տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների: Այնպես որ՝ խնդրում եմ նման առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել: Ուզում եմ տեղեկացնել, որ ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետև վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին և երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո: Եվ քանի որ թեմայից մի փոքր շեղվեցի, ուզում եմ նաև մեկ այլ խնդրի հետ կապված ձեզ դարձյալ խնդրել և ակտիվության կոչ անել՝ կապված այն խոսակցությունների հետ, որ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, որ բոլորը պետք է լինեն պայմանագրային և այլն: Նախ՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, բնավ տեղյակ չեն, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը, այո՛, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Եվ երկրորդ՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում պաշտպանական անվտանգություն: Եվ երբ մենք 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր նրանք սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ, և եթե տարիներ շարունակ մենք 18 տարեկաններին չզորակոչենք և զորակոչենք կամ պայմանագրեր կնքենք միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծառայել, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը կյանքում զենք չի տեսել և ի վիճակի չէ այդ զենքն օգտագործել: Այսինքն՝ երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է: Նույնիսկ չեմ ուզում այդ խնդիրներին անդրադառնալ: Այնպես որ՝ պետք է ակտիվ լինեք: Հասկանու՞մ եք ՝ մարդիկ են խոսում բանակի, անվտանգության մասին, ովքեր, անկեղծ ասած, երևի մի 5-10 էջ էլ չեն կարդացել կամ գործնականում չեն առնչվել այս խնդիրների հետ, իսկ մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր տեղյակ են, ովքեր կյանքի փորձ ունեն, ուղղակի, շատ ներողություն բառիս համար, զահլա չունեն նրանց հետ խոսելու կամ վիճելու: Բայց այդպես չի լինի, մենք չենք կարող այդպես զարգանալ: Ռազմարդյունաբերական համալիրը ևս լուրջ քայլեր է կատարում` արդիականանալու և մեր զինված ուժերը ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ հագեցնելու ուղղությամբ: Մշակվել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որը մի կողմից շատ հավակնոտ է, մյուս կողմից` ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն արթնացնող, հատկապես` երիտասարդների շրջանում: Ակնհայտ է, որ միայն մեր զինված ուժերի համար միջոցներ արտադրելով՝ մեր ռազմարդյունաբերությունը մրցունակ չի լինի: Հետևաբար, իմ կողմից դրված խնդիրն է` լիարժեք օգտագործել մեր մրցակցային առավելությունները` հարուստ ավանդույթները, միջազգային մակարդակով մրցունակ գիտնականների առկայությունը, և դրանց վրա կառուցել ռազմական գիտության և արդյունաբերության վաղվա օրը: Հայաստանը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկրների շարքում»:
Մեկնաբանություններ