Բաքուն ևս մեկ անգամ էժանագին մանիպուլյացիաներով չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող համաժողովը. Տիգրան Բալայան

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը մեղադրել է Բաքվին իտալական Պալերմոյում փախստականներին ու ներգաղթյալներին նվիրված համաժողովի շրջանակում էժանագին մանիպուլյացիաների դիմելու համար: Այդ մասին Հայաստանի ԱԳՆ խոսնակը գրել է Twitter-ի իր էջում: «Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց Պալերմոյում անցկացվող միջազգային համաժողովը, որը կապ չուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ՝ էժանագին մանիպուլյացիաներով փորձելով շեղել ուշադրությունը միջազգային համայնքի առաջ վարկաբեկված և կոռուպցիայի հետ կապված «Լվացքատան» քաղաքականության, ագրեսիվ հանցավոր կեցվածքի, մարդասիրական օրենքի կոպիտ խախտումների հետևանքով Ադրբեջանի համաշխարհային նվաստացումից»,- գրել է Տիգրան Բալայանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրախորհրդարանը որոշել է հետաքննություն սկսել բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անվանումով աղմկահարույց գործով: Եվրապատգամավորները հայտարարել են, որ Բաքուն փորձել է զարտուղի ճանապարհներով ներազդել եվրոպացի օրենսդիրների որոշումների վրա: Նշվում է, որ «Ադրբեջանական լվացքատուն» ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին:
Մեկնաբանություններ