Այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր՝ 7-ամյա ծրագիր. 7 տարի անց բանակը պետք է հասած լինի որակական բացառիկ մակարդակի. Նախագահ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականացվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ, որում ասել է, որ բանակի համար սահմանում են նոր՝ անհամեմատ բարձր նշաձող: Նախագահը, մասնավորապես, ասել է. «Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան: Մենք այսօր սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը: Նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը մենք կհաստատենք 2018 թվականի հունվարի 28-ին, այսինքն ՝ մեր Բանակի ծննդյան օրը: Ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը:  Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի: Արդիականացման առաջին կարևոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների: «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որ այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում, լուծում է այդ խնդրի կարևոր, բայց միայն առաջին մասը` իրավական ձևակերպումը: Այնուհետև պահանջվելու է մանրակրկիտ աշխատանք` ենթաօրենսդրական ակտերի մշակման ու ներդրման և գործնական քայլերը ճիշտ հերթականությամբ իրականացնելու առումով: Բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին: Մենք դրանով զբաղվել ենք միշտ, բայց այժմ խնդիր է դրվում արագացնել այդ գործընթացները՝ ապահովելով թռիչքաձև զարգացում: Պետք է շարժվենք առաջանցիկ տեմպերով: Հաջորդ տարվա բյուջեում, ինչպես գիտեք, նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ: Աճը, սակայն, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը և որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր և էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ»:
Մեկնաբանություններ