
Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան հայտարարել է Մարավի քաղաքում ռազմական գործողությունների ավարտի մասին, գրում է
ria.ru-ն՝ մանրամասնելով, որ վերջին 5 ամսվա ընթացքում քաղաքը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված գրոհայինների վերահսկողության տակ:
Գրեթե մեկ շաբաթ առաջ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել էր Մարավին գրոհայիններից ազատագրելու մասին: Այնուհանդերձ՝ զինվորականները քաղաքում շարունակում էին գործողությունը, քանի որ գրոհայինները շարունակում էին պատանդ պահել ավելի քան 20 մարդու:
Հաղորդվում է, որ այժմ Մարավին ամբողջությամբ գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի նախագահը մայիսից ռազմական դրություն էր հայտարարել Մինդանաո նահանգում: Իշխանությունների ու գրոհայինների բախման կիզակետը Մարավի քաղաքն էր: Հայտնի է, որ այդ բախումների հետևանքով սպանվել է ավելի քան 160 զինծառայող ու 800-ից ավելի իսլամիստ գրոհային: