
Քրդական «փեշմերգա» ուժերը փակել են Իրաքի Մոսուլ նահանգի եզդիաբնակ Շենգալ (Սինջար) շրջանի ճանապարհը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հայտնի է, որ քուրդ զինյալները փակել են, մասնավորապես, Դահուք քաղաքից դեպի Շենգալ տանող գլխավոր մայրուղին:
Նշենք, որ Մոսուլը նույնպես ընդգրկված չէ Իրաքյան Քրդստանի ինքնավարության մեջ և Քիրքուքի, Դիյալա և Սալահադդին շրջանների հետ միասին համարվում է վիճելի տարածք:
Քրդական ուժերն այս քայլը բացատրում են նրանով, որ Իրաքի բանակը նպատակ ունի իր վերահսկողության տակ վերցնել Սիրիայի հետ սահմանային Հաբուր անցակետը՝ այպիսով խզելով Իրաքի և Սիրիայի քուրդ զինյալների միջև կապը: Ըստ քրդական ուժերի՝ նման տեղեկություն իրենք ստացել են հետախուզության հաղորդած տվյալների միջոցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: