Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի  վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին  կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին,  որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, տեղեկացնում է կառավարության մամուլ ծառայությունը։ Օրակարգում ընդգրկված են  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը,  ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների  վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։ Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է  նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել  ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։ Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում  նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։
Մեկնաբանություններ