Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչներին հրավիրում եմ նախարարություն՝ դեմ առ դեմ զրուցելու. Ա. Ամիրյանը` չկայացած համերգի շուրջ խոսակցությունների մասին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին: ՀՀ մշակույթի նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրած՝ նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել , որ ո՛չ Մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ  «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն: Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն: Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ, այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսական դժվարություններ, ապա նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրս այդպես էլ եղել է): Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.