
Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու մասին, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստսանի երկաթգծերը, հայտնում է
kommersant.ru-ն: Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը:
«Ադրբեջանի նախագահի վերջերս Պակիստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի հետ, իսկ այնուհետ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի հետ միացնելու մասին հարցը: Քանի որ դա կապահովի Չինաստանին Ադրբեջանի սերտ հասանելիությունը»,- հայտարարել է դեսպանը:
Նրա խոսքով՝ երբ պատրաստ լինի Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհը, Ադրբեջանը կստանա Պակիստանի հետ ուղիղ երկաթուղային կապ, քանի որ Ադրբեջանը և Իրանն արդեն կապված են երկաթուղային ճանապարհով:
«Գործընթացի ավարտից հետո կսկսվի Ադրբեջանում, Իրանում և Պակիստանում առևտրի զարգացման գործընթաց»,- հայտնել է Սաիդ Խան Մոհմանդը:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը նախատեսված է Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ միացնելու համար: