Շրջակա միջավայրի աղտոտումից ավելի շատ մարդ է մահանում, քան ծխելուց ու ՁԻԱՀ-ից

Շրջակա միջավայրի՝ այդ թվում օդի ու ջրի աղտոտումն ավելի շատ կյանքեր է խլում, քան պատերազմները, բռնությունը, հիվանդությունները, սովը կամ տարերային աղետները։ Այս մասին ասվում է ամերիկացի մասնագետների զեկույցում, որը հրապարակվել է բժշկական Lancet ամսագրում։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 2015-ին յուրաքանչյուր վեցերորդ վաղաժամ մահը (մոտ ինը միլիոն) տեղի է ունեցել թունավոր ներգործությունների հետեւանքով։ Դա մոտավոր գնահատական է, իսկ իրական ցուցանիշը, ըստ փորձագետների, ավելի բարձր է, քանի որ ոչ բոլոր երկրներն ունեն մշտադիտարկման զարգացած համակարգ ու շրջակա միջավայրում ոչ բոլոր թունավոր քիմիական նյութերի պարունակությանն են հետեւում այդ մշտադիտարկումների շրջանակում։ Հնդկաստանն առաջատար է այն երկրների ցանկում, որտեղ ամենաշատ մահերն են գրանցվում (մոտ 2․5 միլիոն մարդ) օդի ու ջրի աղտոտումից։ Երկրորդ տեղում Չինաստանն է, որտեղ ոչ բարենպաստ բնապահպանական իրավիճակի պատճառով մահանում է 1․8 մլն մարդ։ Առաջատարներից են նաեւ Բանգլադեշը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան, Հարավային Սուդանն ու Հաիթին։ Առավել վտանգավոր տարածաշրջաններից են համարվում Աֆրիկան ու Ասիան։ Մասնագետների գնահատականով՝ աղտոտումից մահացողների թիվը մեկուկես անգամ մեծ է, քան ծխելու հետեւանքով մահացողների թիվը, եռակի շատ՝ քան ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի ու մալարիայի զոհերի թիվը, եւ 15 անգամ շատ, քան պատերազմների ու բռնության հետեւանքով մահերի թիվը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.