
Կանադայի Ալբերտա նահանգում նավթ տեղափոխող գնացքի մի քանի վագոն դուրս է եկել գծերից, հայտնում է
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի Էդմոնտոն քաղաքի մոտակայքում: Ինչպես նշում է CBC հեռուստաալիքը, գծերից դուրս է եկել 12 վագոն:
Ստերջեն շրջանի կապերի բաժնի ներկայացուցիչ Շեյլա Մուրը հայտնել է, որ վթարի պատճառով տեղի է ունեցել մոտ 30-50 լիտր նավթի «փոքր արտահոսք»: Միջադեպի հետևանքով տուժել է 46 տան բնակիչ: Նրանց տարհանման հրահանգ է տրվել, սակայն այնուհետ իրավիճակը գնահատելուց հետո մասնագետները եկել են եզրակացության, որ արտահոսքը վտանգ չի ներկայացնում և թույլ են տվել տեղի բնակիչներին տուն վերադառնալ:
Միևնույն ժամանակ, վթարային-փրկարարական ծառայություններն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կշարունակեն մաքրման աշխատանքները: