
Իրաքյան Քրդստանի 32 կուսակցություն՝ այդ թվում տարածքի երկու հիմնական քաղաքական ուժերը համարվող Քրդստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Քրդստանի հայրենասերների միություն» կուսակցությունը, ընդհանուր հայտարարություն են ընդունել, որով հրաժարվել են անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները չեղարկելուց:
Ինչպես գրում է nerinaazad.info կայքը, ընդհանուր նիստի ժամանակ կուսակցությունների ղեկավարները դատապարտել են Իրաքի իշխանություններին Քրդստանի դեմ ձեռնարկած տնտեսական պատժամիջոցների ու ռազմական գործողությունների համար:
Քուրդ գործիչները շեշտել են, որ շարունակում են հանդես գալ հարցի՝ խաղաղ ճանապարհով կարգավորման օգտին:
«Անկախության հանրաքվեն քուրդ ժողովրդի սահմանադրական և օրինական իրավունքն է, և մենք երբեք չենք հրաժարվի դրանից», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Անցյալ շաբաթ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: