
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դեմ չէ, որ եվրոպական երկրները շարունակեն առևտրային ոլորտում համագործակցել Իրանի հետ և որ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար ԱՄՆ-ն Եվրամիության աջակցության կարիքը չի զգում: Այս մասին Թրամփն ասել է
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես նրանց ասացի՝ նրանք իմ ընկերներն են, ես նրանց բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ՝ լինի դա Էմանուել Մակրոնը (Ֆրանսիայի նախագահ), թե Անգելա Մերկելը (Գերմանիայի կանցլեր), թե այլ մեկը: Ես նրանց ասացի՝ շարունակեք գումար աշխատել, մի՛ անհանգստացեք, դուք մեզ դրա համար պետք չեք», - ասել է Թրամփը:
Նա նշել է, որ Իրանը միլիոնավոր դոլարների ապրանք է գնում Գերմանիայից, Ֆրանսիայից և ԵՄ անդամ այլ երկրներից:
«Նրանք նույնիսկ ցանկանում էին մեզնից Boeing օդանավեր գնել: Տեսնենք, թե ինչ կլինի այդ գործարքի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կրկին քննադատել էր Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը: Թրամփը խոստացել էր հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար: Դոնալդ Թրամփի կարծիքով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրն անհաջող է ու չի բխում Միացյալ Նահանգների շահերից:
Մինչդեռ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դուրս կգա պատմական միջուկային համաձայնագրից, եթե միջազգային հանրության անդամները փորձեն վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:
Անդրադառնալով այս ամենին՝ Եվրամիությունն
ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանության անհրաժեշտությունը:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ԵՄ միջնորդությամբ 12 տարվա դիվանագիտական ջանքերի արդյունքն է, որը միաձայն հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2231 բանաձևում: Այն միջուկային զենքի չտարածման համաշխարհային ճարտարապետության առանցքային բաղադրիչ է և որոշիչ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ապահովման համար»,- ասված է Բրյուսելի ընդունած բանաձևում: