Թուրքիայում շատ բարդ է կին լինել. թուրք ֆեմինիստները պատմել են՝ ինչ իրավունքների համար են իրենք պայքարում

Ընտանեկան բռնություն, ծեծկռտուք և համընդհանուր լռություն. այս ամենը ժամանակակից Թուրքիայի խնդիրներն են, որոնց մասին ընդունված չէ խոսել: Ահա թե ինչու թուրք ֆեմինիստների խնդիրը լռության դեմ պայքարն է, և այս նպատակով նրանք ընտրել են իրենց տարբերակը՝ արվեստը: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ 2016 թվականին Ստամբուլի Karşı Sanat պատկերասրահում անցկացվել է Hidden Loss («Թաքնված կորուստ») կոչվող խմբակային ցուցահանդեսը: Կանանց իրավունքների համար պայքարող 6 նկարչուհի նվիրել են իրենց աշխատանքները մահվան հանդեպ վերաբերմունքին: Նրանք պայքարում են կորուստների մասին հիշելու և ողբալու իրավունքի համար: «Ինչո՞ւ որոշ մահերի համար չի կարելի ողբալ, ինչպես նշանակալի, իսկական մահերի համար: Ինչո՞ւ ցավի միայն որոշ տեսակներ են լեգիտիմ, և միայն որոշ կորուստներ են իրական», - հարցրել են նկարչուհիները: Նկարչուհիներից մեկի խոսքով՝ Թուրքիայում շատ բարդ է կին լինել: «Չի կարելի համոզել մարդուն, որ որոշակի պահվածքը մարդու իրավունքների ոտնահարում է՝ մեջբերելով պարբերություններ Ղուրանից կամ այլ սուրբ գրությունից: Թուրքիայում շատ բարդ է կին լինել, բարդ է նկարիչ լինել: Տղամարդկանց աշխատանքները հանճարեղ են համարվում, այնինչ երբ կանանց աշխատանքների արժանապատվությունը նվազեցվում է, դրանք հիմարություններ են անվանում: Սա տարօրինակ է, այդպես չէ՞: Չէ՞ որ արվեստի ոլորտում շատ կանայք կան: Իրավիճակը պետք է փոխվի, և այն կփոխվի: Համենայն դեպս, ես այդպես կցանկանայի: Հավատում եմ, որ արվեստը կարող է ոչ միայն զվարճացնել», - ասել է նկարչուհիներից մեկը: Մյուս նկարչուհին ասել է, որ Արևմուտքի ազդեցությունը ֆեմինիստների շարժման վրա Թուրքիայում անխուսափելի է: «Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ մի բանն անընդհատ փոխազդում է մի այլ բանի հետ: Իրականում լրատվամիջոցները գտնվում են կառավարության ձեռքում, ահա թե ինչու դրանց ազդեցությունն ուղղորդված է: Եվ չի կարելի մոռանալ, որ այն կախված է ընդհանուր մշակութային մակարդակից», - պատմել է նա: Խոսելով կանանց նպատակների մասին՝ նկարչուհին նշել է, որ գլխավոր ցանկալի նվաճումը եղել և մնում է ազատությունը: «Ինձ թվում է, որ սա շատ տարօրինակ է՝ իրավունքների հավասարություն խնդրել կառավարությունից այնպես, կարծես մենք՝ կանայք, աղաչում ենք դրա համար: Մենք չպետք է ցանկանանք դա, մենք պետք է ստանանք դա: Ազատությունը և հավասարությունը երբեք չեն մատուցվել ափսեով», - եզրափակել է նա:
Մեկնաբանություններ