Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով դեռևս 50.000 մարդ շարունակում է կալանավորված մնալ

Թուրքիայում անցյալ տարի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձեռնարկված զանգվածային կադրային զտումներն ու ձերբակալությունները շարունակվում են, իսկ երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է արդեն հինգերորդ անգամ: Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլ Համիդ Գյուլի հայտարարությանը, ներկայում հեղաշրջման գործով թուրքական դատարանի առաջ է կանգնել 105.019 մարդ, 49.697-ը մնում է կալանավորված: Կալանավորվածներից 7.444-ը նախկին զինվորականներ են, 8.628-ն աշխատել են ոստիկանական համակարգում, 25-ը նախկին նահանգապետեր են, 75-ը՝ փոխնահանգապետ, իսկ 117-ը՝ շրջանների ղեկավարներ: Արդարադատության համակարգի 2.302 նախկին պաշտոնյա նույնպես կալանավորվածների թվում է: Հեղաշրջման փորձից հետո կադրային զտումների ենթարկված 142.648 քաղաքացիներից շարունակում են գործազուրկ մնալ 109.142-ը: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Մեկնաբանություններ