Եվրոպայի խորհրդի դիտորդները հայտնել են Վրաստանի ՏԻՄ ընտրություններում գրանցված հնարավոր խախտումների մասին

Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունը հայտարարել է Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործման հնարավոր փաստերի մասին, հայտնում է Грузия Online-ը: Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Սթյուարտ Դիքսոնի խոսքով՝ նրանք ստացել են նման խախտումների մասին անմիջապես մի քանի հաղորդում: «Նման խախտումներն ապացուցելը հեշտ չէ: Դա այնպիսի խնդիր է, որը գրանցվում է ոչ միայն Վրաստանում… Իհարկե, մենք անհամբերությամբ սպասում ենք Վրաստանի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ համագործակցության»,- ասել է Դիքսոնը ճեպազրույցի ժամանակ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 21-ի ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում: Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 21-ին: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթանակ է տարել երկրի գրեթե բոլոր շրջաններում: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, խոսելով շաբաթ օրն անցկացված ՏԻՄ ընտրությունների մասին, հայտնել է, որ Վրաստանի ժողովրդավարության համար չափազանց կարևոր է վերացնել ընտրությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
Մեկնաբանություններ