Անկախություն հռչակելու դեպքում Կատալոնիայի ղեկավարը կարող է հայտնվել բանտում. Իսպանիայի գլխավոր դատախազ

Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան նախազգուշացրել է, որ Կատալոնիայի անկախության հռչակումը կարող է հանգեցնել շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ազատազրկմանը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Antena 3 հեռուստաալիքը: Գլխավոր դատախազը նշել է, որ դեռևս չի ցանկանում հարցը նման ձև դնել, սակայն նման «տրանսցենդենտալ քայլը, ինչպիսին է միակողմանի կարգով անկախության հռչակումը», կարող է Պուչդեմոնի համար ավարտվել ազատազրկմամբ: Մասան նշել է, որ «երբ տեղի ունենա հռչակումը», կձեռնարկեն համապատասխան քայլեր: Ավելի վաղ Europa Press գործակալությունը հաղորդել է, որ դատախազությունը հայց է պատրաստել Պուչդեմոնի դեմ այն դեպքի համար, եթե նա որոշի հայտարարել Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու մասին: Շրջանային ղեկավարին կարող են մեղադրել ապստամբության համար: Իսպանական օրենսդրության համաձայն՝ այդ հանցագործության համար ինքնավարության ղեկավարին կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում: Ավելի վաղ Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը կզրկվի իր իշխանությունից՝ շրջանի նկատմամբ Իսպանիայի կառավարության իշխանության վերականգնումից հետո: Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ գործարկում է Սահմանդրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը: Իսպանիայի սենատը պետք է հաստատի կառավարության առաջարկած միջոցները հոկտեմբերի 27-ին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է ինքնավար շրջանի անկախությունը հռչակել հոկտեմբերի 23-ին: Այսպիսով, եթե Կատալոնիան անկախություն հռչակի հոկտեմբերի 23-ին, ապա առաջ կանցնի Իսպանիայի սենատից, որը հոկտեմբերի 27-ին պետք է քննարկի Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու հարցը:
Մեկնաբանություններ