
Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու իր իրաքցի պաշտոնակից Իբրահիմ ալ Ջաֆարին վաղը Մոսկվայում հատուկ հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն Իրաքյան Քրդստանի հարցը:
Ինչպես հայտնում է
ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, ռուսական կողմը շեշտել է, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանն ու խնդրի լուծումը տեսնում է կառուցողական երկխոսության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: