Ինչո՞ւ և ո՞ւր են մեկնում մարդիկ Ադրբեջանից. BBC-ի ուսումնասիրությունը

Ադրբեջանում ծնված ավելի քան 1 մլն 147 հազ. քաղաքացի այսօր ապրում է օտար երկրներում, այս մասին են վկայում Migration Policy Institute-ի վերջին տվյալները: Թեման ուսումնասիրության է ենթարկել BBC-ի ռուսական ծառայությունը և պարզել, որ վերոնշյալ 1 մլն 147 հազ-ից միայն 767 հազարն ապրում է Ռուսաստանում: 82 000 ադրբեջանցի մեկնել է Ուկրաինա, 48 000-ը՝ Ղազախստան, 20 000-ը հասել են ԱՄՆ, նույնքան ադրբեջանցի կա նաև Ուզբեկստանում: Շուրջ 19 000 ադրբեջանցիներ մեկնել են Գերմանիա, ևս 17 000-ը հաստատվել են Թուրքիայում: Որպես երկրից արտագաղթելու հիմնական պատճառներ BBC-ի ռուսական ծառայության ադրբեջանցի զրուցակիցները նշել են աշխատանքը, անվտանգության հետ եղած խնդիրները, կյանքի ընդհանուր մակարդակը, կաշառակերությունն ու լավ ապագայի հեռանկարի բացակայությունը: Ոմանք շեշտել են, որ Բաքվում նույնպես ունեին լավ աշխատանք, սակայն կաշառք վերցնելուց հրաժարվելու համար զրկված են եղել կարիերային աճի հնարավորությունից, ոմանք էլ նշել են, որ հայրենիքում իրենց ընկերների մեծ մասը կա՛մ ունեն շատ լավ աշխատանք ու եկամուտ, կամ էլ ընդհանրապես գործազուրկ են: Քիչ չեն այն ադրբեջանցիները, որոնք լքել են երկիրը սեփական անձի ու ընտանիքի անվտանգության համար ունեցած մտահոգություններից դրդված: Որոշ ադրբեջանցի գաղթականներ շեշտում են նաև խոշոր քաղաքներից դուրս կյանքի նորմալ պայմանների բացակայության մասին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ միայն այս տարվա առաջին կեսին Ադրբեջանի շուրջ 5000 քաղաքացի ձեռք են բերել ՌԴ քաղաքացիություն: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած պաշտոնական վիճակագրությունը պնդում է բնակչության մշտական աճի ու դրական միգրացիայի մասին: Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունը պնդում է, որ 2016թ.-ին երկիրը լքել է ընդամենը 1700 մարդ, իսկ մշտական բնակության համար Ադրբեջան է ժամանել 3200 մարդ: Միգրացիոն այս բալանսը ադրբեջանական պետական այս կառույցը չի խախտել 2008թ.-ից սկսած: Այս տվյալները ներկայացնելիս Ադրբեջանում հաշվի առնված չեն «սեզոնային» միգրանտները, որոնք Ռուսաստանում են անցկացնում տարվա մի քանի ամիսը: Չեն շեշտվում նաև այն ադրբեջանցիների տվյալները, որոնք ունեն երկու կամ երեք քաղաքացիություն: Միգրացիոն գործընթացների ուսումնասիրմամբ զբաղվող փորձագետ Արիֆ Յունուսը Consortium for Applied Research on International Migration (CARIM) կազմակերպության համար ներկայացրած իր ուսումնասիրության մեջ շեշտել է, որ միգրացիոն թեման լիովին քաղաքականացված է Ադրբեջանում և պետությունն այդպիսով ցանկանում է համոզել մարդկանց, որ ամեն բան երկրում հրաշալի է: «Եթե այդպես է՝ ինչո՞ւ են մարդիկ հեռանում», - նշում է Յունուսը: Իր հերթին ռուս փորձագետ Սերգեյ Ռումյանցևը նկատում է, որ միգրացիոն տվյալները քաղաքական նպատակներով խեղաթյուրելը հատուկ է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին
Մեկնաբանություններ