ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանն իրեն ավելի վստահ զգա տարածաշրջանում տնտեսական խաղացողի դերում. Արեշև

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևի խոսքով՝  Հայաստանը պետք է հաշի առնի, որ ունի արտաքին քաղաքական խնդիր՝ ԼՂ հիմնահարցի շուրջ դեռ համաձայնություն չկա, և իրավիճակը սահմաններում դեռևս լարված է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով վերջերս Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին՝ նա նկատեց, որ ինչպես միշտ է լինում, այս անգամ էլ բանակցությունները զուգորդվել են հերթական սահմանային միջադեպով՝ հայկական կողմը զոհ ունեցավ: «Ես կարծում եմ, որ այս տեսակ իրավիճակները չեն նպաստում ունենալու գոնե էլեմենտար հիմքեր՝ վստահություն ստեղծելու համար, իհարկե դրանք նաև հետաձգում են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, որը տեսականորեն կարող էր լինել՝ հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա: Բայց ամեն դեպքում, մենք հասկանում ենք, որ լարվածությունը շարունակելու է դեռ մնալ բավականին երկար ժամանակ»,- ասաց նա: Դրա համար, ըստ նրա, Հայաստանը պետք է բարելավվի իր ռազմական և նաև՝ տնտեսական հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, տնտեսական ծրագրերը կարող են իրագործվել ամենատարբեր մակարդակներում: «Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որ Հայաստանն իրեն ավելի վստահ զգա տարածաշրջանում տնտեսական խաղացողի դերում: Դա ենթադրում է համագործակցություն ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ համագործակցությունը հարևան երկրների, օրինակ՝ Իրանի հետ: Գիտենք, որ նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ստեղծումը Մեղրիում: Գիտենք նաև, որ հայ-ռուսական արտադրանքները կարող են նաև մուտք գործել եվրոպական շուկա, ինչը կարող է որոշակի չափով նվազեցնել այն քաղաքական լարվածությունը, որը կա Ռուսաստանի և մի շարք եվրոպական երկրների միջև»,- նշեց նա:
Մեկնաբանություններ