Իսպանիայի իշխանությունները հեռացնում են Կատալոնիայի կառավարությանը

Իսպանիայի իշխանությունները սկսում են Կատալոնիայում ուղղակի կառավարում սահմանելու գործընթացը, հայտնում է EFE գործակալությունը: Ինչպես շաբաթ օրը հայտարարել էր վարչապետ Մարիանո Ռախոյը՝ շրջանի կառավարությունը կլուծարվի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն ոչ ուշ, քան կես տարի անց: Մինչ այդ Կատալոնիան կղեկավարի Մադրիդի նշանակած ներկայացուցիչը: Իսպանիայի կառավարությունը Նախարարների խորհրդի արտահերթ նիստում որոշել է կիրառել երկրի սահմանադրության 155-րդ հոդվածը, որը հնարավորություն կտա Կատալոնիայում ուղղակի կառավարում ներդնել: Հիմա այդ միջոցառումը պետք է սենատը հաստատի, որի նիստը ծրագրված է հոկտեմբերի 27-ին: «Սա ո՛չ մեր ցանկությունն էր, ո՛չ մտադրությունը: Եվ երբեք չի եղել»,- մեկնաբանել է Ռախոյը Նախարարների խորհրդի որոշումը: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է «Կատալոնիայում օրինականության, նորմալ գործառնության, տնտեսության և ընտրությունների անցկացման վերականգնման համար»: Հաղորդվում է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է հայտարարությամբ հանդես գալ շաբաթ երեկոյան:
Մեկնաբանություններ