
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ նախագահի քաղաքական հարցերի գծով խորհրդական Մկրտիչ Մինասյանի կարծիքով «Ընտանեկան բռնության» մասին օրենքը, որն այսքան բուռն քննարկման առիթ դարձավ, խոսում է հայի կենսափիլիսոփայության և հոգեկերտվածքի մասին: Սակայն, նախ պետք է հասկանալ, թե իրականում կա՞ նման խնդիր, թե՝ ոչ: Քաղաքական գործիչը «Փաստի» հետ զրույցում նշեց նաև, որ օրենքները գրվում են ոչ թե բարեկիրթ, գրագետ, օրինապաշտ մարդկանց, այլ հասարակության այն շերտերի համար, որոնց միջավայրում առկա է բռնությունը, ուստի նման օրենք, իր կարծիքով, պետք է ընդունել: «Այս իմաստով օրենքի կարիքը կա, բայց այն պետք է մեր մտածելակերպին հարիր լուծումներ ստանա: Այս առումով իսկապես մտածելու տեղիք կա: Մասնագետները տվյալներ են ներկայացնում, որի համաձայն, բռնությունների 45–50%–ը տեղի են ունենում ընտանիքներում, ընտանիքի անդամների նկատմամբ: Սա սարսափելի է և պետք է անպայման ուշադրություն դարձնել»,– ասաց Մ. Մինասյանը: ԱԺ խորհրդականի կարծիքով կարևոր է նաև բռնություններ ծնող պատճառները վերացնելու մասին մտածել և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Խոսելով հեռուստաեթերով անընդհատ բռնություն քարոզող սերիալների մասին, որտեղ արատավոր երևույթները կամ բարքերը ներկայացվում են որպես օրինավոր երևույթներ և արժանավոր քայլեր, Մ. Մինասյանի կարծիքով պետք է այս դաշտը նույնպես լուրջ վերանայման ենթարկել և կոնկրետ հետևություններ անել: «Պետք է հիմքից փորձել չարիքը վերացնել, բայց եթե այն արդեն կա պետք է համապարփակ ձևով պայքարել դրա դեմ, որպեսզի վերանա: Մենք ազգովի պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, որ նման խնդիրները չավելանալուց բացի ընդհանրապես վերանան»,– ասաց Մ. Մինասյանը: Քաղաքական գործչի կարծիքով օրենքը պետք է ընդունել այնպիսի տեսքով, որպեսզի մեր մտածելակերպին, կենսափիլիսոփայությանը հարիր ու ներդաշնակ լինի և չոտնահարի մեր ազգային արժեքները:Խոսելով այս օրերին բավականին ակտիվ քննարկման առարկա դարձած՝ Հայաստան– ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրել–չստորագրելու մասին, Մ. Մինասյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ այն կստորագրվի, իսկ չստորագրվելու պատճառը կարող է միայն տեխնիկական լինել: «Եթե այնպես ստացվի, որ համաձայնագիրը չստորագրվի, ապա դա պայմանավորված չի լինի քաղաքական դրդապատճառներով: Եթե նոյեմբերին չստորագրվի, ապա դրա պատճառը տեխնիկական և կազմակերպաիրավական բնույթի չլուծված հարցերը կարող են լինել: Եթե մինչ նոյեմբեր չստացվի դրանք լուծել, ապա դրանք հետագայում նույնպես կլուծվեն: Ես վստահ եմ, որ այդ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է, քանի որ կարծես թե բոլոր կողմերն էլ՝ ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները և նաև ընդդիմությունը որևէ առարկություն չունեն և համամիտ են, որ մենք պարտավոր ենք գնալ զարգացման ճանապարհով: Համաշխարհային տենդենցներն այսօր միջազգային ջանքերի միավորման են տանում և այդ ձևաչափից Հայաստանը չի կարող դուրս մնալ: Մեր ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի ձեռքբերումները ընդունելը, ազգի և պետության համար շահավետ լուծումներ գտնելն ու դրանք իրականացնելն է»,– ասաց Մ. Մինասյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում