Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքեր վաճառելը չի նպաստում Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում դերի ամրապնդմանը. Արեշև

Ադրբեջանին զենք վաճառելու հարցում էմբարգո չկա. լրագրողների հետ զրուցում ներկայացնելով Հայաստանի գործընկեր՝ Բելառուսի և Ռուսաստանի կողից Ադրբեջանին զենք վաճառելու մասին իր կարծիքը՝ այսպես ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: «Ե՛վ Բելառուսը, և՛ Ղազախստանը, նաև Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում կարող են համագործակցել այլ երկրերի հետ»,- ասաց նա՝ նկատելով, որ բոլոր միություններում էլ երկրների շահերի պատճառով որոշ հարցերում միասնություն չի լինում: Այս համատեքստում նա օրինակ բերեց  ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, որտեղ ևս հակասություններ կան անդամ երկրների միջև: Անդրեյ Արեշևը պատասխանելով դիտարկմանը, թե Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է, և բացի իրենից ոչ մի այլ հիմնական համանախագահող երկիր Ադրբեջանին հարձակողական զենք չի վաճառում, պատասխանեց. «Ես այդ մասին բազմաթիվ անգամներ հայտարարություն արել եմ, նաև ռուսական լրատվամիջոցներով: Ես արտահայտում եմ իմ սեփական կարծիքը. համարում եմ, որ Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքերը վաճառելու պրակտիկան սխալ է, այն չի նպաստում Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում դերի ամրապնդմանը: Ես դա  ասել եմ մի քանի տարի առաջ, բայց պատրաստ եմ դա հիմա էլ անել»: Այս համատեքստում նա նկատեց, որ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը շատ բարդ երկիր է՝ բարդ ձևով որոշումներ կայացնելու  համակարգով: «Հավանաբար կան գործոններ, որոնք նպաստում են  այդ գործարքների իրականացմանը»,- ասաց նա:
Մեկնաբանություններ