Տրանսպորտի նախարարությունում քննարկվել է Հայաստանում ռուսական արտադրության էլեկտրական ավտոբուսների շահագործման հարցը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Ներկայացնելով ընկերության գործունեությունը և արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև էլեկտրական շարժիչով ավտոբուս` ընկերության գնումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։ Նա նախարարին է ներկայացրել ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է, մեկ լիցքավորումը տևում է մոտ 4 ժամ, ունի մինչև 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման և տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է և՛ տաք, և՛ սառը կլիմայական պայմաններում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրական ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.