Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվն անցել է 90-ից

Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվն անցել է 90-ից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ օգոստոսի մեկից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Մադագասկարում արձանագրվել է ժանտախտի կասկածի 1153 դեպք, որից 300-ը հաստատվել է լաբորատոր փորձարկումների արդյունքում: Նշվում է, որ հիվանդությունից մահացել է 94 մարդ: Ընդ որում՝ վարակի 70 տոկոսը թոքային ժանտախտի դեպքեր են, որը մարդուց մարդուն է փոխանցվում և հանգեցնում մահվան, եթե հիվանդն անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում մեկ օրվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ ժանտախտը տարածվել է Մադագասկարի 114 շրջանից 37-ում: Կազմակերպությունն արդեն Մադագասկար է առաքել ժանտախտի դեմ պայքարի համար նախատեսված 1.2 միլիոն չափաբաժին հակաբիոտիկներ և հավելյալ 1.5 միլիոն դոլար տրամադրել տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ համաճարակի պատճառով իշխանություններն արգելել են բոլոր հանրային միջոցառումները, ինչպես նաև դադարեցրել դպրոցներում և համալսարաններում ուսումնական գործընթացը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.