Թուրք դիվանագետները հոգնել են Էրդողանի սադրող կեցվածքից. Financial Times

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականն անդրադարձել է թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամին ու դրանից բխող դիվանագիտական լարվածությանը: Պարբերականին հարցազրույց տված թուրք պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը, անկեղծացել է ու նշել, որ եթե չլիներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառությունը՝ ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունն ու դրանից հետո ԱՄՆ դեսպանատան կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացի կասեցումը կարող էր շատ ավելի հեշտ հաղթահարվել: «Եթե ճիշտ քայլեր արվեին, դա կարող էր լինել ընդամենը մեկշաբաթյա մինի-ճգնաժամ», - ասել է պաշտոնյան՝ պատմելով, որ այդ օրն Արտաքին գործերի նախարարություն զանգ է եկել նախագահ Էրդողանից, որը պահանջել է վիզաների տրամադրման դադարեցման մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կրկնել նույնությամբ՝ տեղափոխելով անունների հերթականությունը: Ըստ բրիտանական պարբերականի՝ Էրդողանի այս կեցվածքը հաճախ բարդացնում է պաշտոնյաների գործը և դժվար իրավիճակի մեջ դնում թուրք դիվանագետներին, որոնք արդեն հոգնել են պարբերաբար նման խնդիրների բախվելուց: Financial Times-ը նաև նշում է, որ նման լարվածությունը սովորական է դառնում Թուրքիայի հարևան կամ գործընկեր հանդիսացող շատ երկրների համար. Էրդողանի ձեռագիրն, ինչպես միշտ, սադրող է:
Մեկնաբանություններ