ԱՄՆ-ն իր անհանգստությունն է հայտնել թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալաի ձերբակալության առիթով

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն իր մտահոգությունն է հայտնել նախօրեին Ստամբուլի օդանավակայանում թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալաի ձերբակալության առիթով: Ինչպես փոխանցում է demokrathaber.org կայքը, Նոյերթը շեշտել է, որ նմանատիպ մի շարք ձերբակալությունների առիթով ԱՄՆ-ն բազմաթիվ անգամ զգուշացումներ է հղել Թուրքիային և պատրաստ է կրկնել իր տեսակետը: Անդրադառնալով թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ Անկարայից վերադարձած իրենց պատվիրակությունը անցկացված հանդիպումներից գոհ է և բանակցային գործընթացում կա որոշակի առաջընթաց: Նշենք, որ թուրք գործչի ձերբակալությանը խոր անհանգստությամբ արձագանքել է նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին, որը նույն օրը Twitter-ի իր էջում մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ ու տեղեկացրել, որ հարցը կբարձրացնի Եվրախորհրդարանի առաջիկա նիստում: Քավալան նաև հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում: Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.