50 մարդուց բաղկացած խումբը հանրաքվե նախաձեռնելու իրավունք կունենա. նախագիծն ընդունվեց

Կառավարության այսօրվա նիստին «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը գործադիր մարմնի հավանությանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագիծը ներկայացնող նախարարն ասաց, որ սահմանադրական օրենքների ինստիտուտը ներդրվել է 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների պահանջով, որով հասարակական պահանջով հանրաքվե անցկացնելու հնարավորություն է սահմանվել: «Օրենքը հաստատում է այն կազմակերպելու կարգը և հարցերի շրջանակը, որոնք հանրաքվեի դրվելու ենթակա չեն՝ պաշտպանություն ու պետական անվտանգություն, համաներում, պետական բյուջե, հարկեր, երկրի վարչատարածքային բաժանում, կառավարության աշխատակազմ, սահմանադրական օրենքներ»,- ասաց Հարությունյանը: Ըստ նախագծի՝ հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունի 50 մարդուց բաղկացած խումբը, որը պետք է գրանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և սկսի 200 հազար ստորագրությունների հավաքումը: «Այդ ամենից հետո ԿԸՀ-ն կստուգի և կպարզի կազմված և ներկայացված խմբի ու հավաքված ստորագրությունների կեղծված չլինելու փաստը»,-ասաց նախարարը: Նախագիծն ընդունվեց:
Մեկնաբանություններ