Քիրքուքի նահանգապետը հաստատել է ավելի քան 100 000 քրդերի՝ Քիրքուքից գաղթելը

Իրաքյան Քիրքուք նահանգի ղեկավար Նաուզադ Հադին բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է ավելի քան 100 000 քրդերի՝ Քիրքուքից դուրս գալը: Նա նշել է, որ շուրջ 18 000 քուրդ ընտանիք շարժվել են դեպի Էրբիլ և Սուլեյմանիյա: Դա կազմում է Քիրքուքի քուրդ բնակչության մոտ 90 տոկոսը: Իրաքի բանակի ու շիական «Հաշդի Շաբի» խմբավորման՝ Քիրքուքի վրա կազմակերպված գրոհից ու քրդական «փեշմարգա» ուժերի զանգվածային նահանջից հետո ականատեսները վկայել էին, որ նույն օրը քաղաքը լքել է մի քանի տասնյակ հազար քուրդ: Այսօր պարզ դարձավ, որ քուրդ գաղթականների արդեն երկրորդ խումբն է դուրս եկել Քիրքուքից և բռնել Սուլեյմանիայի ճանապարհը: Հիշեցնենք, որ օրերս Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Մեկնաբանություններ