Քիրքուքից Սուլեյմանիա է շարժվել քրդերի ևս մի խոշոր խումբ. Rudaw

Եվս մի քանի հազար քուրդ է լքել իրաքյան Քիրքուքը, այս մասին հայտնում է քրդական Rudaw-ն: Գաղթի երկրորդ ալիքն արձանագրվել է նախօրեին՝ երեկոյան ժամերից սկսած: Իրաքի բանակի ու շիական «Հաշդի Շաբի» խմբավորման՝ Քիրքուքի վրա կազմակերպված գրոհից ու քրդական «փեշմարգա» ուժերի զանգվածային նահանջից հետո ականատեսները վկայել էին, որ նույն օրը քաղաքը լքել է մի քանի տասնյակ հազար քուրդ: Հայտնի է, որ այս անգամ էլ Քիրքուքի քրդերը կրկին բռնել են Էրբիլի և Սուլեյմանիայի ճանապարհը, սակայն, ինչպես պնդում են քրդական լրատվամիջոցները, «Հաշդի Շաբի»-ն փակել է դեպի Էրբիլ ճանապարհը՝ թույլ տալով գաղթականներին անցնել միայն Սուլեյմանիա տանող ճանապարհով: Քաղաքում գտնվող ականատեսները պատմել են, որ քրդերի և քաղաք մտած զինված ուժերի միջև լարվածություն է ստեղծում այն փաստը, որ զինվորականներն անվտանգության միջոցառումների ժամանակ ժամանակավորապես առանձնացնում են կանանց խմբերը տղամարդկանցից: Հիշեցնենք, որ օրերս Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Մեկնաբանություններ