Ցերեկային քունն օգնում է թարմ պահել ուղեղը. քնելու օպտիմալ ժամերը

Հույն գիտնականները բացահայտել են, որ անգամ կարճ ցերեկային քունը օգտակար է մարդու օրգանիզմի համար: Պարզվում է, որ եթե մարդը շաբաթական գոնե 3 անգամ կարողանա կես ժամով քնել ճաշի ժամից հետո, ապա սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը կպակասի 37%-ով: Ճաշի ժամին մենք մի փոքր հոգնածություն ենք զգում, ուզում ենք քնել: Օրգանիզմն այդպիսով հաղորդում է, որ ժամանակն է հանգստանալու: Իսկ առօրյա եռուզեռի մեջ քչերն են կարողանում ժամանակ տրամադրել այդքան օգտակար ցերեկային քնին: Ցերեկային քունն արագացնում է նաև նյութափոխանակությունը, պայքարում է ծերացման դեմ, ամրապնդում հիշողությունը և օգնում թարմ պահել ուղեղը: Ցերեկային քնի օգտակարության մասին խոսում են նաև հայտնի մարդկանց օրինակները: Ալբերտ Էյնշտեյնը, Լեոնարդո դա Վինչին, Նիկոլա Տեսլան սովորություն են ունեցել քնել ցերեկային ժամերին: Ցերեկային քնի համար իդեալական է ժամը 13.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածը: Բայց բժիշկները խորհուրդ են տալիս 45 րոպեից ավել չքնել, այլապես կարող եք արթնանալ գլխացավերով:
Մեկնաբանություններ