Սիրիայի փոխարտգործնախարարը Թուրքիայի ռազմական գործողությունն Իդլիբում «լկտի հարձակում» է անվանել

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը, մեկնաբանելով թուրքական ԶՈւ-ի՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգ մտնելու փաստը, Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունն անվանել է «լկտի հարձակում», այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը: «Դա լկտի հարձակում է Սիրիայի անկախության և անվտանգության դեմ: Անկարայի քայլերը հակասում են Աստանայի բանակցություններին և համաձայնեցված կետերին», - ասել է Միքդադը: Սիրիացի քաղաքական գործիչը շեշտել է, որ տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով պարբերաբար վտանգի տակ է հայտնվում Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին շեշտել էր, որ Անկարան Իդլիբում իր գործողությունները համակարգում է Մոսկվայի հետ, դրանց նպատակն անվտանգության ապահովումն է: Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։
Մեկնաբանություններ