Ռուսաստանում ձերբակալել են կնոջ, որը ներկայացել է որպես ՀՀ դեսպանատան աշխատակից և գումարներ կորզել

ՌԴ Ուլյանովսկի մարզում ձերբակալել են կնոջ, որը ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր պատրաստել: Այդ մասին հայտնում է «Первый ульяновский портал»-ը: Այս տարվա մարտին կինն իր ծանոթի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը ցանկանում էր իր ընկերոջ համար ռուսական քաղաքացիություն ձևակերպել: Տղամարդու հուշումով կինը զանգահարել է տուժածին և ներկայացել որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից: Նա հայտնել է, որ իր ղեկավարը պատրաստ է երկու շաբաթվա ընթացքում անձնագիր ձևակերպել, բայց որոշակի գումարի դիմաց: Դրանից հետո նա տուժածից տարբեր գումարներ է պահանջել՝ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ իբր առաջացող խնդիրների կարգավորման համար: Ընդհանուր առմամբ, աղջիկը «դեսպանատան աշխատակցուհու» քարտին է փոխանցել 79.500 ռուբլի, բայց խոստացված անձնագիրն այդպես էլ չի ստացել: Բոլոր բանակցությունները կանանց միջև իրականացվել են հեռախոսով: Նրանց գաղտնալսել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարզային վարչության աշխատակիցները, որոնք ավելի վաղ տվյալներ էին ստացել անօրինական միգրացիայի կազմակերպման հետ կապված 51-ամյա կնոջ հակաիրավական գործունեության մասին: Ավելի ուշ նյութերը վերաորակվել են ՌԴ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով՝ կապված զգալի վնասի պատճառմամբ խարդախության հետ: Կինն ավելի վաղ՝ 2014 թվականին, արդեն ենթարկվել էր քրեական պատասխանատվության անօրինական միգրացիայի կազմակերպման համար և ստացել պայմանական ժամկետ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մեկնաբանություններ