Կասպից ծովի հարցում պայմանավորվելու հնարավորություն կա. ՌԴ ԱԳՆ

Կասպից ծովի կարգավիճակի մասին ապագա կոնվենցիայի հոդվածների մեծ մասն արդեն համաձայնեցվել է, կան բոլոր հնարավորությունները պայմանավորվածության հասնելու 2018 թ.: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրատչիկովը: «Կան բոլոր հնարավոությունները և բոլոր պայմանները հաջորդ տարի Կասպից ծովի կարգավիճակի հարցով բանակցությունների բարեհաջող ելքի համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կան երաշխիքներ, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի 2018 թ.: «Բոլոր կողմերը գիտակցում են, որ կոնվենցիան կլինի փոխզիջումային իրավական գործիք, որը պետք է հասկանալի և թափանցիկ կանոններ ապահովի տարբեր ոլորտներում մեր փոխգործակցության, հնարավոր վիճելի հարցերի լուծման համար, հուսալի հիմք դառնա տարածաշրջանում անվտանգ և կանխատեսելի իրավիճակի, Կասպիցը որպես բարեկամության և բարիդրացիության ծով պահպանման համար»,- հավելել է դիվանագետը: Նրա խոսքով՝ մինչև հիմա արդեն համաձայնեցվել է ապագա կոնվենցիայի հոդվածների բացարձակ մեծամասնությունը: Բրատչիկովը նշել է, որ փաստաթղթում «ներդաշնակորեն հավասարակշռված են բոլոր հինգ երկրների պահանջմունքները և չեն խախտվում հինգ երկրներից ոչ մեկի ազգային շահերը»:
Մեկնաբանություններ