Թուրքական դատարանը 10 տարի անց պարզել է Դինքի սպանության օրն «Ակօս»-ի շրջակայքում երևացած թուրք սպաների ինքնությունը

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից շուրջ 10 տարի անց թուրքական դատարանը պարզել ու հայտարարել է Ժանդարմերիայի այն 6 սպաների անունները, որոնք Դինքի սպանության օրը գտնվել են «Ակօս»-ի խմբագրատան շրջակայքում և հետևել են Դինքին սպանած Օգյուն Սամասթին: Ինչպես գրում է «Ակօս»-ը, Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանն այսօր հրապարակել է նրանց անունները, նրանք են՝ Ստամբուլի Ժանդարմերիայի հետախուզական բաժնի սպաներ Էմրե Ջինգյոզը, Հաջը Շեֆիք Շիմշեքը, Ալի Բարըշ Սևինդիքը, Էջևիթ Էմիրը, Յավուզ Քարաքայան և Բեքիր Յոքուշը: Դեռևս տարիներ առաջ փողոցի տեսահսկման համակարգի ձայնագրությունների ուսումնասիրությունը թույլ էր տվել պարզել, որ Օգյուն Սամասթին հետևել է 6 ոստիկան՝ քաղաքացիական հանդերձանքով: Սամասթին հետևել են ինչպես սպանությունից առաջ, այնպես էլ հետո: Անցյալ տարի տեսաձայնագրություններն անհայտ ճանապարհով հայտնվել էին համացանցում և ցնցել թուրքական մամուլը: Հենց այդ ժամանակ Ժանդարմերիայի այս վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվեցին նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Մեկնաբանություններ