Էրդողանը պահանջել է իր կուսակից 30 քաղաքապետի հրաժարականը. ցուցակում է նաև Անկարայի քաղաքապետը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է իր կուսակից 30 քաղաքապետի հրաժարականը, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը: Էրդողանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին թուրքական մամուլում երկար ժամանակ արծարծվող հարցին, պաշտոնապես հաստատել է. «Պարոն Մելիհ Գյոքչեքին նույնպես այս մասին տեղեկացվել է: Եթե դիմադրի՝ վերջը վատ կլինի»: Թուրքիայի նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասնել է, որ իրեն արդեն տեղեկացրել են Նիղդեի քաղաքապետի հրաժարական ներկայացնելու մասին, նա պահանջել է նաև Թուրքիայի չորրորդ մեծ քաղաք Բուրսայի քաղաքապետի հրաժարականը: Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ իշխող կուսակցության նախագահությունը վերաստանձնելուց հետո նրա և կուսակիցների միջև եղած լարվածությունը հաճախ է արծարծվում թուրքական մամուլում: Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում 51 տոկոս ձայնի աջակցությամբ հաստատելով կառավարման նախագահական համակարգ՝ երկրի բոլոր խոշոր քաղաքներում կորցրած ձայները վերականգնելու համար լուրջ կադրային զտումների է դիմում, իսկ վերջերս էլ դժգոհել է, որ կուսակցության նիստերին գործիչներն իր ուզածի պես ակտիվ չեն:
Մեկնաբանություններ