
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի լուծման հարցում երկու երկրների ռազմավարական գործընկերությունը որևէ ազդեցություն չի ունենում, ըստ նրա՝ թուրք-ամերիկյան ճգնաժամի շուրջ ընդհանուր լուծումներ չգտնելն այլևս վերածվում է լուրջ խնդրի:
Ինչպես փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը գանգատվել է, որ հաշվի չառնելով Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական գործընկերությունը՝ ԱՄՆ-ն չի ձգտում արագ լուծել երկու երկրների միջև եղած ճգնաժամն ու փաստացի իրեն ռազմավարական գործընկերոջ պես չի պահում:
Նշենք, որ նախօրեին Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակության կողմից երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի լուծման ուղղությամբ առաջադրած մի շարք պայմաններ մերժվել են Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից:
ԱՄՆ-ն պահանջել է նախևառաջ տեղեկացված լինել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի հետ կապված հետաքննության բոլոր մանրամասներին, ինչպես նաև ապացույցներ է պահանջել Թուրքիայից, որոնց հիման վրա թուրքական կողմը ձերբակալել է հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով։