Նոր սերնդի թմրանյութերն անընդհատ փոփոխվում են, իսկ սահմանված ցանկն արագ հնանում է. քննարկում ԱԺ-ում

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերով նախատեսվում է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, խիստ ներգործող նյութերի կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափորոշիչները: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շուկայի հետ, սակայն նախագծերի ընդունմամբ որևէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հարակից զեկուցող Տիգրան Ուրիխանյանը նկատեց, թե կարևորագույն խնդիր է համարում երկու տարբերակվող բանաձևով մի տեսակի թմրանյութի ներգործությունը չափելը։ Նա նշեց, թե 18 տարին լրացած անձի դեպքում, ում օրգանիզմն անսովոր է դեռևս նման թմրանյութերի հանդեպ, դրա ներգործությունը չափելը դժվար է: Վարդան Եղիազարյանը նշեց, թե գլխավոր նարկոլոգի հետ խորհրդակցել են և որպես չափ վերցրել միջինացված տարբերակը: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ նոր սերնդի թմրանյութերը անընդհատ փոփոխվում են, մինչդեռ ներկայացվում է սահմանված ցանկ, որը շատ արագ հնանում է: «Հիմա քիմիայի գիտելիք ունեցողը նոր էլեմենտ է մտցնում, և դա չի կարող սահմանվել թմրամիջոց, մինչև մենք դա չհայտնաբերենք։ Այսինքն՝ ֆորմուլայում մի էլեմենտ է միացնում, բայց նույն ազդեցությունն է. շրջանառության մեջ է դնում ու չես կարողանում պատասխանատվության մեջ դնել, ինչքան էլ օրենսդրական պրոցեսը փորձես արագացնել, չենք հասցնում»,-ասաց նա: Թովմասյանը միջազգային փորձը ներկայացրեց, որ նման ցանկը կարող է ոչ միայն գործադիրը կամ օրենսդիրը սահմանել, այլ՝ լիազոր մարմինը: «Հիմա հենց շուկայում հայտնվեց՝ գործադիր իշխանությունը, կառավարությունն ավելի արագ է արձագանքում, քան ԱԺ-ն: Խնդիրը ՀՀ-ում կա, ՌԴ-ում ավելի շատ կա»,-ասաց նա: Փոխոստիկանապետ Եղիազարյանը նշեց, թե իրենք 2016թ. բերել են 500-ից ավելի բանաձևով նոր սերնդի թմրանյութերի նման անվանումներ, փոփոխություններ են կատարել, և դեռ օրենքը ուժի մեջ չէր մտել, արդեն 37 նոր անվանումներ էին մտել շուկա: «Սա լուրջ խոչընդոտ էր մեզ համար՝ նյութերի ընթացքը որոշելու, պատասխանատվության ենթարկելու առումով»,-ասաց նա: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը հստակեցրեց, որ նպատակն է ավելի արագ վերահսկել թմրամիջոցների շարժը: «Իրավական առումով այս նախագծով չափաքանակների հիմքում դրվելու է հոգեներգործության ազդեցությունը»,-ասաց նա: Հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նույն համոզման էր՝ նախագիծը չի լուծում խնդիրը, քանի որ միջին քիմիկոսի միտքն ավելի արագ է փոփոխվում: Հրայր Թովմասյանը նույն համոզմանն էր՝ կառավարությունը 3-4 օրում կարող է անդրադառնալ և լուծել, բացի այդ, նա ընդգծեց, որ ճիշտ է հիմքում չդնել բանաձևերի տարբերակը: Հովհաննես Քոչարյանն էլ նշեց, որ ոչ թե այն թմրամիջոցների մասին է խոսքը, որոնք շրջանառության մեջ են դրվել ՀՀ-ում, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն տեղեկությունն են հիմք ընդունում, որով ասվում է, թե ապագա մի քանի տարիների ընթացքում որ թմրամիջոցները կարող են լինել ասպարեզում: Արտակ Զեյնալյանը կատակեց՝ իսկ կանեփով աղանձը կարելի՞ է: «Հետն էլ հացի վրա»,-հավելեց պատգամավորներից մեկը:
Մեկնաբանություններ