Մոսկվայում ձերբակալվել է հայ տաքսիստ՝ մի քանի մարդու սպանության կասկածանքով

ՌԴ Մոսկվայի մարզում իրավապահները ձերբակալել են տաքսու հայ վարորդի, որը կասկածվում է հաճախորդներին թունավորելու համար: Այդ մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Ձերբակալվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վահագն Կարապետյանն է, որը տաքսու վարորդ է աշխատել: Ինչպես պատմել է գործակալության զրուցակիցը, բնակության վայրի խուզարկության ընթացքում առգրավվել է 20 բջջային հեռախոս, 190 կլոզապինի հաբ, բջջային հեռախոսի 71 պատյան և 98 ձեռքի ժամացույց: Նրա խոսքով՝ 29-ամյա Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում Նալչիկի բնակչին թունավորելու մեջ ներգրավվածության կասկածանքով, որի մարմինը հայտնաբերվել էր 2017 թվականի ապրիլին Դվինցև փողոցում: Ինչպես պարզել է դատաբժշկական փորձաքննությունը՝ տղամարդը մահացել է էթիլային սպիրտի և կլոզապինի թունավորումից: Ինչպես գրում է life.ru-ն, տաքսիստի զոհերից մեկը հայտնի հաղորդավար Արթուր Բիտովն է եղել: Ապրիլին Դվինցև փողոցում հայտնաբերել են 51-ամյա լրագրողի մարմինը: Հետաքննությունը պարզել է, որ լրագրողը դարձել է հարձակման զոհ, նրան թունավորել են և թալանել, ինչից հետո նա այդպես մնալով սառել է ու մահացել փողոցում: Ավելի վաղ Telegram-ի Mash էջը հայտնել էր, որ ձերբակալված Կարապետյանին կասկածում են մայրաքաղաքի տարածքում մոտ 100 սպանության ներգրավվածության համար: Միևնույն ժամանակ, ուժային կառույցներում «Մոսկվա» գործակալության աղբյուրը հերքել է այդ տեղեկությունը: «Իրականում զոհերը շատ ավելի քիչ են եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը վարձակալել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որով մարդկանց տեղափոխել է: Դրանից հետո նա թունավորել է հաճախորդներին և թալանել, կարծում են իրավապահները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.