«Հնարավոր է՝ ես չափազանց էմոցիոնալ էի». Ղրղզստանի նախագահը ցավում է Նազարբաևի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտնել է, որ հնարավոր է՝ սխալ է եղել, երբ «չափազանց էմոցիոնալ» է արտահայտվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հասցեին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում երկրի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են, այնուհետև տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նազարբաևի հանդիպման պատճառով: Աթամբաևը հայտարարել է, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ: «Հնարավոր է՝ ես չափազանց էմոցիոնալ եմ արտահայտվել Ղազախստանի նախագահի հասցեին…»,- հայտարարել է Աթամբաևը չորեքշաբթի երկրի լավագույն ուսանողներին նախագահական կրթաթոշակներ հանձնելու արարողության ժամանակ: Ղրղզստանի նախագահը նշել է, որ այս օրերին մտածել է իր խոսքերի մասին, և խոստովանել է, որ երբեմն չի կարողանում «հաղթահարել իր չափազանց էմոցիոնալությունը»: Միևնույն ժամանակ, Աթամբաևը կարծում է, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր է Նազարբաևի օլիգարխիկ շրջապատը, որը մտածում է «միայն այն մասին, թե ինչպես պահել սեփական գումարները»: «Ես միշտ ցանկանում էի և ցանկանում եմ հարևանների հետ եղբայրական հարաբերություններ պահպանել: Մենք պետք է խաղաղ ապրենք բոլոր հարևանների հետ»,- ասել է Ղրղզստանի առաջնորդը: Ավելի վաղ Ղազախստանի ազգային տնտեսության նախարարության ղեկավար Թիմուր Սուլեյմենովը հայտարարել էր, որ Ղազախստանը, որն ավելի վաղ խստացված հսկողություն է սահմանել Ղրղզստանի հետ սահմանին, չի խախտում ԵԱՏՄ նորմերը: Ավելի վաղ Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ նշելով, որ Ղազախստանը խախտում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները: Կիրակի Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ պատրաստ է պահանջել ԵԱՏՄ վեհաժողով հրավիրել, եթե Ղազախստանը 2-3 օրվա ընթացքում չվերացնի սահմանին սահմանափակումները: Ղրղզստանի սահմանային գերատեսչության տեղեկություններով՝ երկուշաբթի բոլոր անցակետերում գրանցվել է մեքենաների մեծ կուտակում:   Похожее изображение  
Մեկնաբանություններ