Հավայիի դատարանը մասամբ արգելափակել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը

Հավայի նահանգի դաշնային դատավոր Դերիկ Ուոթսոնը երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, հրահանգել է մասամբ արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը՝ դրա ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ: Թրամփի երրորդ միգրացիոն հրամանագիրը պետք է ուժի մեջ մտնի հոկտեմբերի 18-ին, հայտնում է Associated Press-ը: Դաշնային դատավորը հայտարարել է, որ «հրամանագիրն ունի նույն թերությունները, ինչ դրա նախորդը»: Նախագահական հրամանագիրը խտրականություն է դրսևորում մարդկանց հանդեպ՝ իրենց ազգային պատկանելության պատճառով, ասված է որոշման մեջ: Դատարանի որոշմամբ դադարեցվում է Միացյալ Նահանգներ մեծ մասամբ մահմեդական բնակչությամբ վեց երկրի (Իրան, Եմեն, Լիբիա, Սոմալի, Սիրիա և Չադ) քաղաքացիների մուտքի արգելքը: Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիների, ինչպես նաև վենեսուելացի պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ մուտքի սահմանափակումները դատարանի առարկությանը չեն արժանացել: ԱՄՆ նախագահը ստորագրել է ներկայիս միգրացիոն հրամանագիրը սեպտեմբերի 25-ին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ լրացել է նախորդ նման հրամանագրի ժամկետը: Վաշինգտոնն արդեն արձագանքել է Հավայիի դատարանի որոշմանը: «Արդարադատության նախարարությունը վճռականորեն կպաշտպանի նախագահի օրինական գործողությունները»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում: Թրամփի վարչակազմում վստահ են, որ հրամանագրի գործողությունը կվերականգնվի: Թրամփը ստորագրել է առաջին միգրացիոն հրամանագիրը հունվարի 27-ին: Քննադատության ալիքից և բողոքներից հետո ԱՄՆ իշխանությունները մեղմել են դրա մի շարք դրույթներ, և մարտին հետևել է ԱՄՆ առաջնորդի փոփոխված հրամանագիրը: Այնուամենայնիվ, դրա գործողությունն արգելափակել է Հավայիի դաշնային դատարանը: Սպիտակ տան բողոքից հետո ԱՄՆ գերագույն դատարանը վերականգնել է Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողությունը մինչև հայցի լիարժեք քննությունը: Արդեն հրամանագրի գործողության ժամկետի լրանալուց հետո՝ հոկտեմբերի 11-ին, Գերագույն դատարանը մերժել է Միացյալ Նահանգներ մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքի մասին իրավապաշտպանների բողոքը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.