Կարագի գներն այս տարեսկզբից մինչև հիմա բարձրացել է շուրջ 35 տոկոսով. Արտակ Շաբոյան

«Գնագոյացման վրա ազդում է բազմաթիվ, բազմապիսի գործոններ, տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները կարող են այդ բազմաթիվ գործոններից ընդամենը մեկը լինել»,- Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ այդ տեսանկյունից իրենց տեսադաշտում են այն շուկաները, որտեղ կա կենտրոնացվածության բարձր աստիճան, կան խոշոր ընկերություններ, որոնք հնարավոր է, օգտվելով իրենց մրցակցային առավելությունից, չարաշահումներ իրականացնեն: Ա. Շաբոյանի խոսքով, իրենց ուշադրության կենտրոնում են կարագի և բենզինի շուկաները: Խոսելով կարագի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ կարագի գներն այս տարեսկզբից մինչև հիմա բարձրացել է շուրջ 35 տոկոսով, այնուհանդերձ այդ բարձրացումն ավելի վաղ էր սկսվել՝ անցած տարվա սեպտեմբերից: «Եթե անցած տարվա սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով»,- հավելեց նա: Նա տեղեկացրեց, որ միջազգային շուկայում գներն անցած տարվա մայիսից բարձրացել են 126 տոկոսով:
Մեկնաբանություններ