Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկու հետ: Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի հայ-լեհական միջխորհրդարանական կապերին և երկու ժողովուրդների բարեկամությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչևսկուն` սեպտեմբերի 19-ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու և ելույթով հանդես գալու համար, ինչպես նաև լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ: Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի և Լեհաստանի միջև կապերի հետագա ամրապնդման համար: «Մեր պետությունների միջև հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափում Հայաստանի և Լեհաստանի միջև առկա կապերն էլ ավելի կսերտանան: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի և բարեկամական խմբերի միջև շփումների առավել ակտիվացման, ինչպես նաև միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարևոր կամուրջ է հայ-լեհական հարաբերություններում: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռևս 2005թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, ամենևին չի ցանկանում, որ տարածաշրջանը ևս մեկ անգամ հայտնվի պատերազմի մղձավանջի մեջ: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ այդ երկրի ղեկավարության վերաբերմունքը: Հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականության հիմնական մասն է: Ստեղծված պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ միայն Արցախի ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր»,- ասել է Արա Բաբլոյանը: Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկին, ջերմորեն շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, նշել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում: Նա երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչևսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև ԼՀ Սենատի նիստին:
Մեկնաբանություններ