2017թ. 9 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքար), ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը վիճակագրական թվեր ներկայացրեց՝ պնդելով, որ ՀՀ-ում ընտանեկան  բռնությունները բավական շատ են: Ըստ նրա, եթե 2012թ. գրանցվել է ընտանեկան բռնության 728 դեպք, 2016թ.-ին այն հասել է 756-ի: Եթե 2012թ.-ին ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու 410 դեպք է գրանցվել, և կնոջ կողմից ամուսնուն բռնության ենթարկելու 16 դեպք, 2016թ.-ին գրանցվել է 471 դեպք և կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 20 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 66 դեպք: «2017թ.-ին 9 ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրեական գործեր են հարուցվել: Ի դեպ, իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք է գրանցվել: Գրացվել է անչափահասների նկատմամբ բռնության 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են»,-ասաց նա: Նելլի Դուրյանը նշեց, որ շուրջ 20 տարի աշխատելով ընտանիքների, երեխաների հետ հայտարարում է՝ այո, հայ ընտանիքներում բռնության դեպքեր են լինում և ուստի պետք է անեն ամեն ինչ, որ օգնեն զոհերին, ինչու չէ՝ նաև այն անձանց, որոնք բռնություն են կիրառում: «Կարծում եմ, որ այս օրենքը դրան է միտված: Տարեկան 500-600 երեխա, կին բռնության է ենթարկում, և սա որակել քիչ, այդքան էլ տեղին չէ»,-ասաց նա և հավելեց՝օրենքը կարող է օգնել, ոչ թե խանգարել:
Մեկնաբանություններ